Նոյեմբերի քսանյոթին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիսավոր պայմաններում մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի վաթսունութ երկիր` շուրջ 650 մասնակցով:
Մարզաձևից սա Հայաստանում անցկացվող երկրորդ խոշոր միջոցառումն է: Առաջինը 2009 թվականին էր, երբ Հայաստանն ընդունեց աշխարհի պատանեկան առաջնությունը: Այնպես որ, խոշորամասշտաբ մրցաշար անցկացնելու և՛ փորձ ունենք, ինչը պակաս կարևոր գործոն չէ, և՛ տրամադրություն, որի բարձրացման գործում, բնականաբար, լուրջ անելիք ունեն մեր երիտասարդ մարզիկներն իրենց լավ ելույթներով, ակնկալվելիք մեդալներով:
Առաջնությանը Հայաստանի ընտրանին մասնակցում է ամբողջական կազմով: Մասնակիցներ ունենք բոլոր քաշային կարգերում: Հավաքականի նախապատրաստական աշխատանքները գլխավորել, համակարգել է ընտրանու գլխավոր մարզիչ, հանրապետության վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը: Ներկայացնենք նաև հանրապետության մարզական պատիվը մեծ ռինգում պաշտպանելու իրավունքը նվաճած մարզիկներին: Նրանք են՝ Հայրիկ Նազարյանը (49 կգ, Գավառ), Հենրիկ Մոքոյանը (52 կգ, Երևան), Տարոն Սողոմոնյանը (56 կգ, Զովունի), Արման Դարչինյանը (60 կգ, Վանաձոր), Գոռ Երիցյանը (64 կգ, Երևան), Յուրա Միքայելյանը (69 կգ, Գյումրի), Արտավազդ Հարոյանը (75 կգ, Գյումրի), Նիկոլ Հարությունյանը (81 կգ, Աբովյան), Ռաֆայել Սիմոնյանը (91 կգ, Վանաձոր), Նարեկ Մելքոնյանը (+91 կգ, Էջմիածին):
Առաջնության մրցումային տվյալ օրվա անդրադարձին ընթերցողները հնարավորություն կունենան հետևելու թերթի էլեկտրոնային տարբերակում, ամբողջական վերլուծականը կզետեղենք բուն թերթում: Բարի երթ մեր տղաներին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ